Հայկական լեռնաշխարհ

Սև ու Կասպից ծովերի միջև, Կովկասյան լեռներից հարավ, կա մի «լեռնային կղզի» , որն անվանում են Հայկական լեռնաշխարհ։ Այն մեր պատմական հայրենիքն է։ Շրջակա մյուս տարածքներից այն տարբերվում է իր բարձրադիր դիրքով։ Ծովի մակարդակից լեռնաշխարհի միջին բարձրությունհ 1700 մ է։ Լեռնաշխարհի տարածքը մոտ 400 000 քառակուսի կիլոմետր է։ Նրա տարածքում գոյություն ունեն հայկական երկու պետություններ՝ Հայաստանի և Արցախի հանրապետություններ։ Հայկական լեռնաշխարհի մոտ երկու երրորդը այժմ գտնվում է Թուրքիայի Հանրապետության կազմում։

Մեր հայրենիքի մայր գետը Երասխն է, որն սկիզբ է առնում Սերմանց կամ Բյուրակն լեռներից։ Այնուհետև՝ ընդունելով Ախուրյան, Քասաղ, Հրազդան, Ազատ և մի շարք այլ վտակներ, այն միանում է Կուրին և թափվում Կասպից ծով։ Հնում Երասխը մի մեծ բազուկով անմիջապես թափվել է Կասպից ծով։ Երասխի և նրա վտակների ջրերով ոռոգվում է Արարատյան դաշտը: Երասխը Հայկական լեռնաշխարհի միակ խոշոր գետն է, որն ամբողջությամբ հոսում է մեր հայրենիքով։ Երասխի կամ Արաքսի մասին նույնպես հյուսվել են այլևայլ ավանդություններ, իսկ ժողովուրդն այն կոչել է պարզապես Մայր Արաքս։ Հայկական լեռնաշխարհը հայտնի է իր երեք խոշոր և բազմաթիվ միջին ու փոքր մեծության լճերով։ Դեպի ծով ելք չունեցող Հայաստանում խոշոր լճերը սովորաբար կոչվել են ծով կամ ծովակ։ Խոշորներից Սևանա լիճը, որ հնում հայտնի էր Գեղամա կամ Գեղարքունյաց ծով անունով, ներկայումս գտնվում է Հայաստանի Հանրապետության տարածքում։ Այն աշխարհի բարձրադիր լճերից է, ունի քաղցրահամ ջուր։ Այս ձկնառատ (իշխան, գեղարքունի և այլն) լիճն են թափվում 29 գետեր ու գետակներ, իսկ նրանից սկիզբ է առնում միայն Հրազդան գետը։

Հայկական լեռնաշխարհի չքնաղ լճերից է Վանա լիճը կամ Բզնունյաց ծովը, որն ավելի քան երկուսուկես անգամ մեծ է Սևանա լճից։ Չնայած լճի աղիությանը, նրանում բազմանում է տառեխ ձուկը։

Հայոց հայրենիքի ձևավորման ուղին շատ գեղեցիկ է ներկայացրել Մովսես Խորենացին՝ մեր Պատմահայրը: Նա գրում է, որ բռնակալ Բելին հաղթելուց հետո Հայկ Նահապետի որդիներն ու թոռները բնակու­թյուն հաստատեցին Հայկական լեռնաշխար­հի տարբեր վայրերում, հիմնեցին բնակավայ­րեր և դարձան գերդաստանների նահապետներ:

Այնուհետև Հայկից սերած նահապետները ժամանակի ընթացքում միավորվեցին և ստեղծեցին միասնական հայկական թագավորություն:

Ապրելով իրենց հայրենիքում, հայ ժողովրդի զավակները մշտապես շենացրել ու ծաղկեցրել են հայրենի երկիրը, պաշտպանել այն թշնամիներից: Նրանք այդ հողի վրա կառուցել են ամրոցներ, տաճարներ, պալատներ, եկեղեցիներ, խաչքարեր և այլ հուշարձաններ:

Հարուստ է նաև Հայաստանի բուսական և կենդանական աշխարհը: Բարձր լեռների ժայռոտ քարափներում ցատկոտում են քարայծը, վայրի ոչխարը: Այդ լեռների հողմակողմ լանջերը տեղ- տեղ պատված են անտառներով, որի բնակիչներից հայտնի են եղնիկը, գորշ արջը, գայլը, ընձառյուծը և այլ կենդանիներ: Այդ անտառների տարածված ծառատեսակներից են կաղնին, թխկին, հաճարենին:

Ֆիլմը դիտել՝

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով