Հայաստանի մայրաքաղաքները

Дата: 8 апреля 2023Автор: flouradavtian60280 Комментарии

Վաղարշապատ

Հայոց Վաղարշ I թագավորը (117-140թթ.), պարսպապատելով Վարդգեսավան հին բնակավայրը` վերանվանում է Վաղարշապատ և հռչակում մայրաքաղաք։ Վաղարշապատի միջնաբերդը համարյա համընկնում էր Էջմիածնի վանքի ներկայիս տարածքին։ Այնտեղ էին թագավորական պալատը, զորանոցները և այլ շինություններ։ Վաղարշապատի դերը հատկապես մեծացավ 4-րդ դարի սկզբին, երբ քրիստոնեության ընդունումից հետո` 303թ. այստեղ կառուցվեց Էջմիածնի Մայր տաճարը։ Նրա անունով էլ հետագայում քաղաքը կոչվեց Էջմիածին։ Դարեր շարունակ Վաղարշապատը հայոց հոգևոր կենտրոնն էր։ 1441թ.` հազարամյա ընդմիջումից հետո այստեղ վերահաստատվեց Ամենայն հայոց կաթողիկոսական աթոռը։

Վաղարշապատի միջնաբերդը և Էջմիածնի Մայր տաճարը

Դվին

4-րդ դարի 30-ական թթ. հայոց Խոսրով Կոտակ թագավորը Արտաշատից ոչ հեռու, բլրի վրա հիմնեց երկրի նոր մայրաքաղաքը` Դվինը (քաղաքն այդպես էր կոչվում համանուն բլրի անունով)։ Արշակունյաց թագավորության անկումից հետո Դվինը մարզպանական Հայաստանի կենտրոնն էր։ 5-րդ դարի երկրորդ կեսին, երբ կաթողիկոսական աթոռը Վաղարշապատից տեղափոխվեց այստեղ, Դվինը դարձավ նաև Հայաստանի հոգևոր, մշակութային կենտրոնը։ Այդ ամենի հետ Դվինը ևս մի կարևոր դեր կատարեց։ 4-5-րդ դարերում Հայաստանի քաղաքների մեծ մասն ավերվել էր։ Իսկ Դվինը, ընդհակառակը, վարչական կենտրոն լինելու շնորհիվ շարունակում էր մնալ որպես արհեստների և առևտրի խոշոր կենտրոն։ Արհեստագործության շատ ճյուղեր, որոնք այլ քաղաքներում գրեթե վերացել էին, Դվինում պահպանվեցին։ Այսպիսով, Դվինը դարձավ արհեստագործության ավանդույթները պահպանողն ու փոխանցողը։ Դվինի ավերակներն այժմ փռված են Արտաշատի Վերին Դվին, Ներքին Դվին, Հնաբերդ և այլ գյուղերի տարածքներում։

Դվին մայրաքաղաք

Բագարան, Շիրակավան, Կարս

Բագրատունյաց թագավորության օրոք Հայաստանը չորս մայրա քաղաք է ունեցել` Բագարան, Շիրակավան կամ Երազգավորս, Կարս և Անի։ 885թ. Բագրատունյաց Հայաստանի մայրաքաղաք դարձավ Բագարանը։ Այստեղ էր Բագրատունիների տոհմական դամբարանը։ Աշոտ I-ին հաջորդած Սմբատ I Բագրատունու օրոք մայրաքաղաք դարձավ Շիրակավանը, որը մինչ այդ նրա նստավայրն էր։ Ինչպես և Բագարանը, այն Շիրակում էր, Անիից ոչ հեռու, Ախուրյան գետի աջ ափին։ Բագրատունյաց հաջորդ գահակալը` Աշոտ Երկաթը, իր թագավորության վերջում եղբորը՝ Աբասին, նշանակեց Կարս քաղաքի կառավարիչ։ Աշոտ Երկաթից հետո թագավոր դարձած Աբասը չտեղափոխվեց Շիրակավան։ Բագրատունյաց Հայաստանի նոր մայրաքաղաք դարձավ Կարսը։ Կարսում Աբաս արքան մեծ շինարարություն սկսեց։ Կառուցապատվեց քաղաքի միջնաբերդը, որտեղ թագավորական պալատն ու այլ շինություններ էին։ Կարս գետի ափին կառուցվեց Ս. Առաքելոց Մայր եկեղեցին։ Դրանից հազար տարի հետո Եղիշե Չարենցն իր «Երկիր Նաիրի» վեպում հայրենի քաղաքի մասին կգրի. «Առաքելոց եկեղեցին ամենամեծ ու ամենանվիրական հրաշալիքն է, զարդն է, զարմանքն է այդ հնամյա քաղաքի»։

Կարսի բերդն և Առաքելոց եկեղեցին

Անի

Պատմիչներն Անի քաղաքն անվանել են «մեծ», «տիեզերահռչակ»։ Այդ անուններին Անին արժանացել է իր հրաշալի պալատների, տաճարների, կամուրջների և այլ կառույցների համար։ Տպավորիչ են անգամ նրա ավերակները։ Անին Բագրատունյաց Հայաստանի չորրորդ և վերջին մայրաքաղաքն էր։ Մայրաքաղաք դառնալուց հետո Անին այնպիսի թափով է զարգանում և ընդարձակվում, որ Սմբատ II արքան ստիպված է լինում կառուցել նոր պարիսպներ։ «Սմբատյան» կոչված այդ պարիսպների շուրջը երկուսուկես կիլոմետր և մինչև 10-12 մետր լայնությամբ խանդակ էր փորված, որը լցվում էր ջրով։ Պաշտպանական նպատակներից բացի` այն օգտագործվում էր նաև ոռոգման համար։ Պարիսպներն ունեին քանդակներ և արձանագրություններ։ Անիի գլխավոր դարպասի` Ավագ դռան վրա քաղաքի զինանշանն էր` վազող հովազի բարձրաքանդակը։ Պաշտպանական կարևոր նշանակություն ունեին նաև Անիի կամուրջները։ Դրանցից մեկը ափերի հետ կապվում էր շարժական տախտակամածների միջոցով։ Վտանգի դեպքում տախտակամածը բարձրաց վում էր։ Կար նաև քարանձավային և ստորգետնյա Անի` իր բնակարաններով, սրահներով ու խորշերով, որոնք հիանալի թաքստոցներ ու ծուղակներ էին։ Անիի գլխավոր փողոցը 4-5 մետր լայնություն ուներ։ Այս փողոցով էր անցնում ջրմուղի հիմնական գիծը։ Ջրմուղը ոչ միայն կավե, այլև երկաթե խողովակներ ուներ։ Անին եկեղեցաշատ քաղաք էր։ Քաղաքի մասին խոսելիս հաճախ ասվում էր՝ Անին հազար ու մեկ եկեղեցի ունի։ Քաղաքն ուներ իր համալսարանը, մատենադարանը։ Հայոց հռչակավոր մայրաքաղաքն արհեստի և առևտրի խոշորագույն կենտրոն էր։ Անեցի վաճառականները առևտուր էին անում Բյուզանդիայի, Պարսկաստանի, Հնդկաստանի, Չինաստանի և այլ երկրների հետ։ Հետագա դարերում Անին բազմիցս հարձակումների է ենթարկվել, ավերվել է և դարձյալ վերակառուցվել։ Պատերազմները, երկրաշարժերն ու այլ աղետները կամաց-կամաց քայքայեցին քաղաքը։ 16-րդ դարում այն սովորական մի գյուղ էր, իսկ երկու դար հետո այնտեղ այլևս բնակիչներ չկային։ Անին միջնադարյան Հայաստանի ամենալավ ուսումնասիրված քաղաքներից է։ Հայոց հռչակավոր մայրաքաղաքի մասին գրվել են տասնյակ գրքեր, բազմաթիվ երգեր, բանաստեղծություններ և գեղարվեստական այլ գործեր։

1. Ո՞ւմ անունն են կրում Երվանդաշատը, Արտաշատը, Տիգրանակերտը, Վաղարշապատը։
2. Հաջորդաբար թվարկե՛ք Բագրատունյաց Հայաստանի չորս մայրաքաղաքները։
3. Ի՞նչն է վկայում, որ Անին իր ժամանակի մեծ և զարգացած քաղաքներից էր։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով